VH Music-ի տնօրեն Վահե Հարությունյանը չի կատարել իր խոստումը եւ մինչեւ ապրիլի 10-ը չի վերադարձրել Սառա Քոնորի մասնակցությամբ չկայացած համերգի տոմսերի գումարները:

Այդ կապակցությամբ, ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքից VH Music-ի տնօրեն Վահե Հարությունյանի դեմ նախապատրաստված նյութերն արդեն ուղարկվել են Կենտրոնի քննչական բաժին: Այսօր` ապրիլի 12-ին  այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Նշենք, որ աշխարհահռչակ փոփ-երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ համերգի կազմակերպիչ VH Music-ի տնօրեն Վահե Հարությունյանը ոստիկանությունում պարտավորվել եւ գրավոր կերպով խոստացել էր չկայացած համերգի տոմս գնած քաղաքացիների գումարները վերադարձնել մինչև ապրիլի 10-ը:

Ավելի վաղ նշվել էր, որ Ոստիկանության կենտրոնականի բաժնում VH Music-ի տնօրենի դեմ ավելի քան 30 քաղաքացիների դիմում- բողոքներ կան։ Նրանք պահանջում են վերադարձնել չկայացած համերգի տոմսերի գումարները։

Հիշեցնենք, որ VH Music-ի կողմից կազմակերպված, Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը 3 անգամ հետաձգվել էր: Սկզբում այն նախատեսված էր փետրվարի 14-ին, այնուհետեւ՝ փետրվարի 19-ին, իսկ վերջում՝ մարտի 8-ին, իսկ հետո պարզվել էր, որ համերգն ընդհանրապես չի կայանալու:

Համերգին պետք է մասնակցեին նաեւ երգիչներ Արա Մարտիրոսյանը, Սիրուշոն եւ «Օզոն» խմբի անդամ Արսենին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընկերության տնօրենը հավաստիացրել էր, որ իրենք փուլ առ փուլ վերադարձնելու են համերգի տոմսեր գնած բոլոր մարդկանց եւ կազմակերպությունների գումարները։ «Այդ մարդիկ կարող են դիմել Իսահակյան 28 հասցեում գտնվող մեր գրասենյակ, կամ զանգահարել մեզ»,- ասել էր Հարությունյանը: Այսօր նորից փորձեցինք զանգահարել VH Music, բայց  թե’ քաղաքային, թե’ բջջային համարները գոյություն չունեն։