ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթը նրա նախագահության ավարտ չի նշանակում, դա ներքաղաքական պայքարի շարունակությունն է, մամուլի ասուլիսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հինգշաբթի գիշեր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ է հայտարարել երկու հոդվածով՝ «լիազորությունների չարաշահում» եւ «խոչընդոտում Կոնգրեսին»։ Ներկայացուցիչների պալատում քվեարկությունից հետո գործը կանցնի Սենատ, որը պետք է դատավարություն սկսի Թրամփի դեմ։

«Ինչ վերաբերում է մեր երկխոսության երկարացմանը մինչեւ Թրամփի նախագահության վերջ, դուք կարծես թե արդեն դնում եք հարցն այն մասին, ասես այն ավարտվում է։ Ես հենց դրանում էլ համոզված չեմ, դա դեռ պետք է Սենատ անցնի, որտեղ հանրապետականները, ինչպես ինձ հայտնի է, մեծամասնություն են, եւ հազիվ թե նրանք ցանկանան իրենց կուսակցության ներկայացուցչին հեռացնել իշխանությունից ըստ ինչ-որ, իմ կարծիքով, միանգամայն հորինված պատճառներով»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողի հարցին ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ՝ «մինչեւ Թրամփի նախագահության ավարտը»։

«Դա պարզապես ներքաղաքական պայքարի շարունակությունն է, եւ կուսակցությունը, որը տանուլ է տվել ընտրություններում՝ Դեմոկրատական կուսակցությունը, փորձում է հասնել արդյունքների արդեն այլ միջոցներով՝ Թրամփին ներկայացնելով մեկ մեղադրանք Ռուսաստանի հետ դավադրության մասին, հետո պարզվում է, որ ոչ մի դավադրություն չկար, դա չի կարող ընկնել իմփիչմենթի հիմքում, հիմա էլ Ուկրաինայի վրա ինչ-որ ճնշում են հորինել»,- նշել է Պուտինը։

ԱՄՆ նախագահին պաշտոնազրկելու համար պահանջվում է սենատորների ձայների երկու երրորդը։ Սենատում հանրապետական մեծամասնությունը մտադիր չէ Թրամփին իմփիչմենթ հայտարարել։

Դեմոկրատները հայտարարում են, որ Թրամփը ձգձգել է Կոնգրեսի հավանությանն արժանացած ռազմական օգնության տրամադրումն Ուկրաինային՝ փոխարենը պահանջելով նախագահ Վլադիմիր Զելենսկուց քաղաքական ծառայություն՝ Թրամփի ընդդիմախոս Ջո Բայդենի դեմ հետաքննություն անցկացնելու տեսքով։ Թրամփը հայտարարում է, որ ուկրաինական իշխանություններից պահանջել է միայն պայքար կոռուպցիայի դեմ։