Թուրքիայում վերջին տասնամյակում ամենաքիչը 250 հազար անչափահաս է բռնաբարվել։ Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News and Economic Review-ն, սեռական ոտնձգությունների մասին այս տվյալները հրապարակել է Թուրքիայում առաջատար փորձագետներից Թունջեր Գյունելը։ Նրա հետազոտման համաձայն, վերջին քսան տարում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների թիվը մոտ 400 հազար է, սակայն այս դեպքերից միայն 600-ի գործն է դատարան ներկայացվել։ Ըստ մասնագետի՝ անչափահասներին բռնաբարող կամ բռնաբարության փորձ կատարողները հիմնականում առաջին կամ երկրորդ կարգի ազգականներն են։
Հատկապես անօգնական վիճակում են Թուրքիայի անօթեւան երեխաները։ Ըստ Գյունելի՝ թափառաշրջիկ 30-50 հազար երեխաներ սեռական ոտնձգությունների են ենթարկվում։
2010թ. ընթացքում 4 հազար անօթեւան երեխա է ուղղիչ աշխատանքային հիմնարկներ ուղարկվել։ Ձերբակալված անչափահասների 75 տոկոսի գործերում ի թիվս այլ հանցագործությունների, նշվում է նաեւ բռնաբարություն կամ սեռական ոտնձգություն այլ անչափահասի նկատմամբ։ Կալանավայրեր ուղարկված անչափահասներից 250-ը նշել են, որ քրեակատարողական հիմնարկներում իրենց բռնաբարել են կա’մ իրենց հասակակիցները կա’մ իրենցից տարիքով ավելի մեծ ազատազրկվածները։
Գյունելն անդրադարձել է նաեւ դպրոցներում, ինպես նաեւ մանկապարտեզներում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների թեմային։ Ըստ նրա՝ 2009թ. ընթացքում դատական մարմինները մոտ 200 գործ են ստացել, դպրոցներում ու մանկապարտեզներում ուսուցիչների եւ դաստիարակների կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների վերաբերյալ։





























