«Հավասարների հավաք» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ապրիլի 8-ի ՀԱԿ-ի հանրահավաքն այդպես էլ հասարակության ինքնակազմակերպման յուրօրինակ ֆորումի չվերածվեց, ինչպես խոստանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հայտարարության մաեջ մասնավորապես, ասվում է.

«Կարելի է այսպիսով փաստել, որ 2011թ. ապրիլի 8-ին կայացած հանրահավաքը, հակառակ հայտարարվածի եւ սպասվածի, չվերածվեց հասարակության ինքնակազմակերպման յուրօրինակ ֆորումի, որ պետք է հրապարակավ ու համատեղ որոշումներ կայացներ եւ իրագործեր:

Հանրահավաքի ընթացքում նաեւ չհիշատակվեց ՀԱԿ-ի իսկ կոչով` ապրիլի 8-ի հանրահավաքի անելիքների վերաբերյալ արված առաջարկների, դրանց քննարկման կամ դրանց կապակցությամբ որոշումների կայացման մասին, ինչպես նաեւ ֆորումի կազմակերպման մեխանիզմների մասին:

Հակված ենք մտածել, որ գոյություն են ունեցել լուրջ պատճառներ, որոնք ստիպել են հանրահավաքի կազմակերպիչներին առայժմ չանդրադառնալ այս հարցին:

Եթե այդպես է, ապա Հայ ազգային կոնգրեսի եւ ընդհանրապես Համաքաղաքացիական շարժման էությունից ելնելով` համոզված ենք, որ հասարակությանն անհրաժեշտ է հրապարակավ ներկայացնել այդ պատճառները, քանզի միայն իրազեկ հասարակությունն ի վիճակի կլինի հարկ եղած դեպքում զորավիգ լինել ՀԱԿ-ի ղեկավարությանը՝ ֆորումի կայացմանը խոչընդոտող բոլոր գործոնների վերացման հարցում:

Չխորշենք կրկնել, որ հասարակության հետ բաց, թափանցիկ գործակցությունը Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման եւ ժողովրդավարական արժեքների արմատավորման հիմնական գրավականներից մեկն է»: