Միջազգային հարաբերությունների համակարգի վերափոխումն ուղկեցվում է նոր մարտահրավերներով եւ սպառնալիքներով, որոնք պետությունների մեծ մասն ունակ չէ հաղթահարել: Այս մասին այսօր Երեւանում Եվրասիական տնտեսական ակումբի 6-րդ ամենամյա նիստում «2019 թվականին հայ-ռուսական հարբերությունները: Նոր հնարավորությունների պատուհան» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարեց «Armenian Research & Development Institute» (ARDI) պաշտպանական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, միջազգային հարցերով Ռուսական խորհրդի փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ սպառնալիքների մեծ մասը կրում է անդրազգային, հաճախ նաեւ անդրտարածաշրջանային բնույթ, ինչը հանգեցնում է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերի ստեղծմանը՝ ազգային անվտանգության արդյունավետ ապահովման նպատակով:

«Դա հիմնավորելով՝ նոր պետությունները, որոնք ձեւավորվել են ԽՍՀՄ փլուզման արդյունքում, հանդես են եկել տարածաշրջանային անվտանգության համակարգի ստեղծման օգտին: Շատ նախկին խորհրդային հանրապետություններ անկախության առաջին տարիներին հայտնվել են կոնֆլիկտային իրավիճակում, ինչն արդիականացրել է միջպետական համագործակցության հարցերը տարածաշրջանում կայունության պահպանման համար»,- պարզաբանեց Ներսիսյանը:

Փորձագետը նշեց, որ անվտանգության ապահովման մեխանիզմների եւ ինստիտուտների ձեւավորման ճանապարհին հատուկ դեր է ունեցել տվյալ ոլորտում բազմադարյա պատմական համագործակցությունը: Ներսիսյանի խոսքով՝ դրա շնորհիվ արդեն առկա են եղել համապատասխան հիմք եւ ալիքներ, որոնք մասնակիորեն թեթեւացրել են համագործակցության նոր ձեւաչափերի ստեղծման գործընթացները:

«Նման կուտակված փորձն առկա է Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում: Հասկանալով, որ անվտանգության ոլորտում կապերի պահպանումն է միայն թույլ տալիս համատեղ դիմակայել նոր մարտահրավերներին, երկու կողմերը հանդես են եկել այդ կարեւոր ուղղությամբ սերտ համագործակցության օգտին: Ռուսաստանի եւ Հայաստանի դաշնակցային հարաբերությունների բնույթը արտահայտվում է ոչ միայն համագործակցությամբ, այլ նաեւ տնտեսության եւ անվտանգության ոլորտներում ինտեգրմամբ: Տվյալ միտումը խորը հիմքեր ունի: Այդ պատճառով մեկ պետությունում ներքին քաղաքական փոփոխությունները չեն կարող ազդել հարաբերությունների ձեւաչափի վերանայմանը: Շահագրգիռ անձանց կողմից տարբեր տեսակի սպեկուլյացիաները տեղին չեն»,- նշեց փորձագետը: