Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել` 5,2 մագնիտուդով: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իվակի քաղաքից 31 կմ դեպի հարավ-արեւմուտք: Ցնցումը գրանցվել է Երեւանի ժամանակով 06:08-ին, որի աղբյուրը գտնվել է 31,1 կմ խորության տակ, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով ԱՄՆ աշխարհագրական ծառայությանը:

Տուժածների մասին տվյալներ չկան: Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 12-ին Ճապոնիայում Տիբա պրեֆեկտուրայի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումները զգացել էին մայրաքաղաք Տոկիոյում, սակայն ավերածություններ չէին գրանցվել:

Երկրաշարժից անմիջապես հետո դադարեցվել է Տոկիոյի մետրոյի աշխատանքը, նաեւ Տիբա պրեֆեկտուրայում Նարիտա միջազգային օդանավակայանի աշխատանքը:

Դրանից մեկ օր առաջ` ապրիլի 11-ին 7,1 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Ճապոնիայի Հոնսյու կղզու մոտ: Ստորերկրյա ցնցումները զգացել էին նաեւ Տոկիոյում:

Ճապոնիայում նոր ցնցումները բացատրում են մարտի 11-ին 9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի եւ դրան հաջոդրած 10 մետր բարձրություն ունեցող ցունամիի հետցնցումներով: Վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 13 հազար մարդ, անհայտ կորած է համարվում ավելի քան 14 հազար մարդ: Մարտի 11-ից ի վեր Ճապոնիայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 400 հետցնցում` տարբեր ուժգնության: