«Կոնգրեսի առաջնորդը վերջապես առաջին անգամ հրապարակավ հայտարարեց, որ հայոց պետականույունը, ԼՂ հիմնահարցը եւ երկրի կայունությունը իր համար շատ ավելի կարեւոր են, քան հեղափոխական ճանապարհով իշխանության գալը: Այսինքն` ճիշտ եւ ճիշտ այն մոտեցումը, որն «Ազգային միաբանությունը» մշտապես է դրսեւորել, եւ որի առհավատչյան եղել են այն 21 ելույթները, որոնցով ես հանդես եմ եկել եվրոպական տարբեր ամբիոններից` այն պարագայում, երբ շատ լարված էին իմ հարաբերությունները երկրի երկրորդ նախագահի հետ, Սերժ Սարգսյանի հետ, երբ նա պաշտպանության նախարարն էր, ապա` վարչապետը, բայց դրսի ամբիոնը ես ծառայեցրել եմ մեր պետականության ամրապնդման գաղափարին»,-«Առավոտ»-ի հետ զրույցում հայտարարել է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:
Վերջին հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ապրիլի 28-ը լինելու է ջրբաժան` ժողովրդի եւ իշխանության միջեւ, եթե իշխանությունն ընդառաջ չգնա եւ չկատարի երեք հայտնի պահանջները: Կգնա՞ իշխանությունն ընդառաջ:
Պարոն Տեր-Պետրոսյանն իրավունք չունի ողջ ժողովրդի անունից նման ձեւակերպումներ անել: Ուրիշ բան, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ջատագով ուժերն այլեւս չեն ցանկանա իշխանությունների հետ համագործակցել: Դա այլ խնդիր է, ինչի հետ, ինչ խոսք, պետք է համաձայնել: Բայց պետք չէ ժողովրդի հոգսերը կապել միայն եւ միայն իր գործունեության հետ եւ ժողովրդի անունից նման հետեւություններ անել` մանավանդ որ չկան սոցիոլոգիական վերլուծություններ, որոնք իրավունք կվերապահեն Տեր-Պետրոյսանին խոսել ժողովրդի անունից:





























