Եգիպտոսում դատախազությունը թույլատրել է ձերբակալել Հոսնի Մուբարաքի երկու որդիներին: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը, նրանց քրեական հետապնդում է սպառնում 2011թ. հունվար-փետրվարին ցույցերը ցրելու մեջ ունեցած դերի համար, նաեւ կոռուպցիոն հանցագործությունների համար:

Եղբայրներին ձերբակալել են հարցաքննությունից հետո, ուր նրանք հրավիրվել էին վաղ առավոտյան: Հարցաքննությունն անցկացրել են Կահիրեից ժամանած դատախազության աշխատակիցները: Շենքի մոտ հավաքվել էր մի քանի հազար մարդ, որոնք պահանջել են կալանավորել Գամալ եւ Ալյա Մուբարաքներին:

Հաղորդվում է նաեւ, որ հավաքվածները ոստիկանական մեքենայի վրա, որում եղել են եղբայրները, կոշիկներ, քարեր եւ շշեր են նետել (կոշիկ նետելն առանձնահատուկ վիրավորական է):

Եգիպտոսի նախկին նախագահի կրտսեր որդին նախքան հոր տապալումը զբաղեցրել է կուսակցության ղեկավար պաշտոններից մեկը եւ համարվում էր նրա հաջորդը, իսկ Գամալը զբաղվում էր բիզնեսով:

Նշենք, որ սրտի նոպայից հետո Հոսնի Մուբարաքի վիճակը կարգավորվել է, ինչը թույլ է տալիս վերսկսել հարցաքննությունը հիվանդանոցի պատերի ներսում:

Ապրիլի 12-ին հարցաքննության ժամանակ Մուբարաքը բողոքել է առողջական վիճակից, եւ նրան տեղափոխել էին հիվանդանոց: Ներկայումս նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Եգիպտոսի նախկին նախագահին եւ նրա ընտանիքի անդամներին կասկածում են ապօրինի հարստացման մեջ, արտերկրում փնտրում են նրանց պատկանող ունեցվածքը: Մուբարաքին նաեւ մեղադրում են զանգվածային ցույցերի ժամանակ ցուցարարներին սպանելու հրաման տալու մեջ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Մուբարաքը փետրվարի 11-ին հրաժարական է տվել Եգիպտոսի նախագահի պաշտոնից եւ իշխանությունը հանձնել է բանակին: Զանգվածային ցույցերի ժամանակ զոհվել էր 365 մարդ, ավելի քան հինգ հազարը վիրավորվել էին: