Չնայած դժվարություններին եւ վերլուծաբանների կասկածամտությանը՝ Tesla-ն ամփոփում է տասնամյակը որպես աշխարհում ամենաշահութաբեր ավտոմոբիլային ընկերություն: Յուրաքանչյուր դոլարը, որը ներդրվել է 2010 թվականին, ներդրողներիn բերել է 1190 տոկոսի չափով շահույթ, հաղորդում է HighTech+-ը:
Այն օրվանից, երբ տասը տարի առաջ Tesla-ն տեղադրել էր իր բաժնետոմսերը բորսայում, այն շարունակում է գտնվել վերլուծաբանների եւ մամուլի ուշադրության կենտրոնում: Ընկերությունը բազմիցս հայտնվել է բարդ իրավիճակում եւ կորցրել գումարներ Իլոն Մասկի անհաջող թվիթերի պատճառով: Զարմանալի չէ, որ մինչեւ վերջերս ընկերությանը կանխատեսում են շուտափույթ սնանկացում: Այդուհանդերձ, Tesla-ի տասնամյակն ամփոփվում է աշխարհում ամենահաջողված ավտոարտադրողի կարգավիճակով:
Այս ամիս Tesla-ի բաժնետոմսերի գինը հասել է ռեկորդային 413 դոլարի, իսկ ընկերության ընդհանուր արժեքը կազմել է 73 մլրդ դոլար: Ավտոարտադրողների առաջնորդների շրջանում ավելի թանկ արժե միայն Toyota-ն (230 մլրդ դոլար) եւ Volkswagen-ը (98 մլրդ դոլար): Մյուս մրցակիցները՝ ներառյալ General Motors-ն ու Ford-ը, վաղուց արդեն այդ ցանկում ներառված չեն:
Նախ ներդրողներին գրավում է վաճառքների աճը: Երբ թողարկվել է Model S-ը, Tesla-ի շրջանառությունն աճել է 52 անգամ: Սակայն դա միակ պատճառը չէ: Tesla-ն առանձնանում է ավանդական ավտոարտադրողների շարքում, քանի որ ասոցացվում է էկոլոգիապես մաքուր ապագայի եւ բարձր տեխնոլոգիաների հետ: Դա շատ ավելի հեռանկարային է, քան ներքին այրման շարժիչով ավտոմեքենաները զարգացնելու եւ արտադրելու տարբերակը:
Ըստ ամենայնի՝ առաջիկա տարիներին ընկերության շահույթը կավելանա: Անցնող տարում աճը կկազմի 14 տոկոս, 2020 թվականին՝ 21 տոկոս, 2021-ին՝ 18 տոկոս: Նույն այդ ժամանակահատվածում 10 խոշորագույն ավտոարտադրողների միջին աճը կկազմի 1, 4 եւ 3 տոկոս համապատասխանաբար:
Չնայած Tesla-ի բաժնետոմսերի անկայունության մասին տարածված կարծիքի՝ իրականում դրանց գինը հաստատակամորեն աճում է: Օրինակ՝ 2019 թվականին դրանց արժեքը կազմել է 22 տոկոս: Որպես համեմատական կարելի է նշել 10 խոշորագույն մրցակիցների միջին արդյունքը՝ 10 տոկոս: Առաջատարի դիրքերն ընկերությունը պահպանում է արդեն մի քանի տարի շարունակ:
Մինչդեռ բազմաթիվ վերլուծաբաններ դեռեւս չեն հավատում էլեկտրամոբիլների ոլորտին եւ խորհուրդ են տալիս վաճառել Tesla-ի ակցիաները: Համանման իրավիճակում էր Amazon-ը որպես հանրային ընկերություն իր գործունեության առաջին տասնամյակի ընթացքում: Թերահավատ մարդիկ երկար ժամանակ հրաժարվում էին հավատալ ընկերության հաջողությանը, որն այսօր դարձել է գլխավոր տեխնոլոգիական հսկաներից մեկը: Հնարավոր է, որ Tesla-ն ունենա նույն ճակատագիրը:




























