Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում կոալիցիայից դուրս գտնվող ուժերի հետ բանավեճի մեջ ներքաշվել: Այս մասին ապրիլի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն` արձագանքելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի առաջարկին` դադարեցնել փոխադարձ քննադատությունը ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ: «ՀԱԿ-ը կոնֆլիկտ ունի միայն իշխանության հետ»,-ասաց Զուրաբյանը:

Նա չհամաձայնեց այն գնահատականների հետ, թե ՀԱԿ-ն այլեւս չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Քանի անգամ եւ ինչքան հստակ մենք պետք է ձևակերպենք մեր այդ պահանջը, որ նման բան ասողները հասկանան, որ իրենք բռնաբարում են ճշմարտությունը: Մեր առաջնային պահանջը Հայաստանում օր առաջ լեգիտիմ իշխանություն ձեւավորելն է, իսկ դրա ամենաճիշտ ուղին նախ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումն է, որին պետք է հետեւի արտահերթ, միգուցե՝ նաեւ հերթական խորհրդարանական ընտրությունների անցկացումը»,-նշեց Զուրաբյանը:

Ընդդիմադիր գործիչն անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ի առաջ քաշած պահանջներին, նշելով, որ դրանք վերջնագրեր չեն, ինչպես ընկալում են շատերը:

«Հավատացե´ք, երբ Տեր-Պետրոսյանը վերջնագիր դնի, նա դա կդնի շատ պարզ, քաղաքական լեզվով»,- հավաստիացրեց  Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ  ՀԱԿ-ի  ապրիլի 8-ի հանրահավաքում ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Մենք դեռեւս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»: