Նկարիչը դասական Dodge Charger-ը խաչաձեւել է Chevrolet El Camino-ի հետ եւ արդյունքում ստացված մարդատար պիկապն անվանել է Hellcamino, գրում է Мотор-ը։

Ի տարբերություն ամերիկյան այլ մակնիշների, Dodge-ը բավական երկար ժամանակ չէր համարձակվում մարդատար պիկապ թողարկել եւ մինչեւ Dodge Rampage-ի հայտնվելը 1980-ականների սկիզբին ոչնչով չէր կարողանում պատասխանել այնպիսի յուրօրինակ մեքենաներին, ինչպիսիք էին Chevrolet El Camino-ն կամ Ford Ranchero-ն։ Ամերիկացի դիզայներ Աբիմելեկ Արելանոն փորձել է պատկերացնել, թե ինչպիսի տեսք կունենար 1969-ի լեգենդար Dodge Charger-ը, եթե հետեւի բազմոցի եւ առանձին բեռնախցիկի փոխարեն լիներ մեծ բեռնատար հարթակ։

Մինչեւ թափքի միջին հենակը մեքենան մնացել է որպես սովորական «Չարջեր», սակայն այնուհետեւ նրա տանիքը կտրուկ թեքվում է ներքեւ եւ վերջանում մի փոքր թեքված հետեւի ապակիով։ Առջեւի նստարանների հետեւում տեղավորվել է բաց բեռնատար հարթակը։ Ի հավելումն, նկարիչը որոշել է Charger պիկապը զինել հզոր 6,2 լիտրանոց V8 Hellcat մեխանիկական մղիչով շարժիչով, ինչը նրան հնարավորություն է տվել վիրտուալ մակնիշն անվանել Hellcamino։