Անգլիական Սոմերսեթ քաղաքում հայտնվել է խանություների փորձագետ՝ Բորիս անունով շեկ կատուն, գրում է Metro-ն։ Բորիսը երեք տարեկան է, նա տերեր ունի, սակայն դա չի խանգարում նրան ամեն առավոտ ժամը 9։00 ներկա լինել քաղաքի կենտրոնական փողոցում խանութների բացմանը եւ ուրախացնել գնորդներին։ Ամեն օր կատուն իսկական շրջայց է կատարում տեղի վաճառասեղաններով։ Նա հաճախ է հայտնվում կենդանիների խանութում, որտեղ նրա համար առանձին հանգստանալու տեղ են պատրաստել։ Այստեղ նա կարող է նստել վաճառասեղանի հետեւում, հանգստանալ լուսամուտի գոգին՝ հետեւելով փողոցի անցուդարձին։
Հաճախ անցորդները Բորիսին խաղալիքի տեղ են դնում եւ զարմանում են, երբ լուսամուտի մյուս կողմում կատուն շարժվում եւ հաճույքով ձգվում է։ Կենդանական խանութի տիրուհի Հիզեր Դերիկը պատմում է, որ Բորիսը խնամված տեսք ունի, երեւում է, որ նրան սիրում եւ հոգ են տանում նրա մասին։ Սակայն դա չի խանգարում նրան ամեն օր խանութը բացելիս գալ եւ աշխատակիցներին համոզել, որ ինքը քաղցած է։ Բորիսի տերը՝ Ջեսիկա Կոպելը, ասում է, որ իրեն հաճելի է նման ուշադրությունը իր սիրելի տնային կենդանու հանդեպ։




























