Անցնող տարում ամերիկյան իշխանությունները գրանցել են վերջին հարյուրամյակում բնակչության թվի աճի տեմպի ամենացածր ցուցանիշները: Այդ մասին ասվում է ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տարածած հաշվետվության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այդ կառույցի գնահատմամբ՝ երկրի բնակիչների թիվն ավելացել է շուրջ 1.5 միլիոնով, կամ առավելագույնը կես տոկոսով՝ գերազանցելով 328 միլիոնը: Դա ԱՄՆ-ում Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր բնակչության աճի տեմպի ամենացածր ցուցանիշն է:
Երկրի միայն ութ նահանգներում է նկատվում ծնելիության մակարդակի աճ: Ընդ որում՝ 2019 թվականին 42 նահանգներում եւ Կոլումբիա մայրաքաղաքային շրջանում ծնվել է ավելի քիչ մարդ, քան 2018 թվականին: Ինչպես նշվում է զեկույցում, մահացությունը գերազանցում է ծնելիությունը չորս նահանգներում՝ Մենում, Նյու Հեմփշիրում, Վերմոնթում եւ Արեւմտյան Վիրջինիայում:
«Չնայած բնական աճը ԱՄՆ-ում բնակչության թվի աճի կարեւորագույն գործոնն է՝ այն դանդաղել է վերջին հինգ տարիների ընթացքում,-նշվում են հաշվետվության հեղինակները:-Բնական աճը գրանցվում է այն դեպքում, երբ ծնելիությունը գերազանցում է մահացությունը. 2019 թվականին տասնամյակների ընթացքում առաջին անգամ այդ ցուցանիշը 1 միլիոնից պակաս է»:




























