Անգլիայի Բլեքփուլ քաղաքի եկեղեցու մոտ կապել են շանը նամակով, որում գրված էր․ «Ես սիրում եմ քեզ եւ շատ-շատ ցավում» հաղորդում է BBC-ը։
Ձեռագիր նամակում նաեւ ասվում էր․ «Իմ կյանքում այժմ շատ ծանր փուլ է, եւ ես պարզապես չեմ կարող պատկերացնել, որ նա ինձ հետ ապրի փողոցում՝ մրսած եւ քաղցած»։ Լքված շունը սթաֆորդշիրյան բուլտերյեր ցեղատեսակի է։ Քանի որ նամակում անուն գրված չէր, շանն անվանել են Կրեկեր։
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ պայքարի թագավորական հանրությունը (RSPCA) հայտնել է, որ Կրեկերը լավ է զգում իրեն եւ շատ լավ խնամք ստանում։
Կենդանուն հայտնաբերել են եկեղեցու ծառայողները, որոնք եկել են այդտեղ դեկտեմբերի 18-ի առավոտյան։ Բլեքփուլում կաթոլիկ եկեղեցու շենքը բաց է այցելուների համար շուրջօրյա գրաֆիկով։
Նամակում նշված էր, որ շանը լքելու որոշումը շատ ծանր էր։ «Այս շունն իմ կյանքի շատ կարեւոր մասն է, եւ ես պարզապես չեմ հասկանում, թե ուրիշ ինչպես կարող էի վարվել»,-ասվում է ուղերձում։
Դրանում նաեւ նշվել է, որ 2020 թվականի մարտի 22-ին շունը կդառնա յոթ տարեկան, ինչպես նաեւ նա շատ հանգիստ է, ընկերասեր եւ քնքուշ։ «Իմ սիրտը կոտրված է, եւ անհնար է բառերով նկարագրել, թե որքան կկարոտեմ նրան։ Հուսով եմ՝ նա կունենա նոր տուն, որին արժանի է։ Ես սիրում եմ քեզ եւ շատ-շատ ցավում»,-ասվում է նամակում։
RSPCA-ի տեսուչ Ուիլ Լեմփինգը, որը տարել է Կրեկերին եկեղեցուց, ասել է, որ նամակի տեքստից պարզ է դառնում, թե որքան շատ են սիրել այս շանը։
Նա նշել է, որ եթե կենդանու տերերը չհայտնվեն, նրան կուղարկեն RSPCA-ի ժամանակակից կացարանը, որտեղ կփնտրեն նոր տերեր շան համար։



























