Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը, հակառակ օթերեւութաբանական կանխատեսումների, Արարատյան դաշտավայրում ցրտահարություն չի եղել։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով, թեեւ կանխատեսվել էր մինչեւ 2 աստիճան ցուրտ, սակայն գիշերը դիտված ամպամածության ավելացումը փրկող հանգամանք է հանդիսացել Արարատյան դաշտավայրը ցրտահարությունից զերծ պահելու համար։
«Նվազագույն ջերմաստիճանը գիշերվա ընթացքում 0 աստիճանից չի նվազել։ Գիշերն այնտեղ գրանցվել է 0 +1 աստիճան տաքություն, այն էլ, դա տեւել է ընդամենը 10-15 րոպե։ Այստեղից կարելի է գալ եզրակացության, որ ծառերին վնաս չի հասցվել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Արարատյան դաշտավայրում ցրտահարություններ առաջիկա օրերին չեն սպասվում։
Խոսելով մոտակա օրերին սպասվելիք եղանակի մասին՝ Սուրենյանը նշեց, որ հարավ-արեւմուտքից ներթափանցած տաք օդային հոսանքների հետեւանքով մինչեւ ապրիլի 17-ը հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա +8 +10 աստիճանով։ «Ապրիլի 16-ին եւ 17-ին մայրաքաղաքում սպասվում է մինչեւ +23 աստիճան, գիշերը՝ +8 +10 աստիճան տաքություն։ Ապրիլի 16-ից սկսած, օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ»,- ամփոփեց օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետը։





























