Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բանաձեւը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ուժի կիրառման իրավունքի սահմանափակման մասին, թուլացնում է Թեհրանի «ահաբեկչական գործունեությանը» դիմակայելու կարողությունը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլիի հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահն իրավունք եւ պարտականություն ունի պաշտպանելու երկիրն ու քաղաքացիներին ահաբեկչությունից։ Դա այն է, ինչը նա շարունակում է անել, եւ աշխարհն ավելի անվտանգ է դառնում,- նշվում է տեքստում։- Բանաձեւն ուղղված է այն բանին, որպեսզի թուլացնի ԱՄՆ Զինված ուժերի կարողությունը՝ կանխելու Իրանի եւ նրա կողմից աջակցվող ուժերի ահաբեկչական գործունեությունը, դա փորձ է՝ խանգարելու նախագահին պաշտպանել երկիրն ու նրա շահերը տարածաշրջանում պահպանվող սպառնալիքներից։ Կոնգրեսի այդ գործողությունները լիովին սխալ են»։

Սպիտակ տանը փաստաթութղն անվանել են «հերթական քաղաքական քայլ»։ «Նախագահի որոշումը՝ հարված հասցնել Ղասեմ Սոլեյմանիին, ճիշտ էր եւ արտոնված (Սպիտակ տան տիրոջ) սահմանադրական լիազորություններով՝ որպես գլխավոր հրամանատար եւ գործադիր իշխանության ղեկավար, ինչպես նաեւ 2020 թվականի ուժի կիրառման թույլտվությամբ»։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել բանաձեւին, որը սահմանափակում է  Թրամփի լիազորություններն Իրանի դեմ զինված ուժեր կիրառելու հարցում՝ առանց օրենսդիրների համապատասխան թույլտվության։ Նախաձեռնությանը հավանություն է տվել 224 կոնգրեսական, դեմ է արտահայտվել 194 օրենսդիր։ Փաստաթղթին հավանություն  է տվել երեք հանրապետական, դեմ է եղել ութ դեմոկրատ։

Իրանի շուրջ իրավիճակը խիստ սրվել է Բաղդադի օդանավակայանի մոտ հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ հարվածից հետո, ինչի հետեւանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) «Ալ Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին։ Ի պատասխան Թեհրանը հունվարի 8-ի գիշերը հրթիռային հարված է հասցրել Իրաքում երկու օբյեկտների, որոնք օգտագործում են ամերիկյան զինվորականները՝ Այն էլ Ասադ բազային եւ Էրբիլի օդանավակայանին։