ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխել է իր դիրքորոշումը գլոբալ տաքացման տեսության վերաբերյալ եւ հիմա այն դիտարկում է որպես լուրջ խնդիր: Ամերիկացի առաջնորդն այսպիսի հայտարարություն է կատարել Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողների հարցին՝ գլոբալ տաքացման խնդիրն արդյոք մտացածի՞ն է համարում, Թրամփը պատասխանել է. «Ո՛չ, ամենեւին ոչ», փոխանցում է ՌԲԿ-ն:
«Սա միստիֆիկացիա չէ: Դրանում ոչ մի մտացածին բան չկա: Սա անչափ լուրջ թեմա է»,- ասել է Թրամփը: «Ես ցանկանում եմ ամենամաքուր օդն ու ամենամաքուր ջուրը»,- հավելել է նա:
Թրամփը դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակ քանիցս քննադատել էր գլոբալ տաքացման դեմ պայքարի ծրագրերն օգտագործելու ԱՄՆ ձգտումը: Նա կլիմայի փոփոխության մասին տեսությունը «խաբեություն» էր անվանել, որը մշակել են չինացիները՝ ամերիկյան արդյունաբերությունը ոչնչացնելու համար:





























