Թուրքական NTV հեռուստաընկերության եթերում պարզաբանումներ է տվել  թուրք ոստիկանապետին ապտակած քուրդ կին պատգամավոր  Սեբահաթ Թունջելը։

Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Սեբահաթ Թունջելը նշել է, թե անհիմն է ոստիկանապետին հասցված ապտակի արձագանքներն ու այն ուռճացնելը։  «Այդ ապտակը Թուրքիայում մեծ քննարկումների առիթ դարձավ, սակայն ոչ ոք չի նշում, որ Թուրքիայի արեւելքում ամեն օր քուրդ բնակչության դեմ արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են օգտագործում։ Եթե ոստիկանապետին տղամարդ ապտակած լիներ, այսքան աղմուկ չէր բարձրանա»,-ասել է Թունջելը։

Նշենք, որ Շրնաքի նահանգի Սիլոպի շրջանում Նովրուզի տոնակատարության ժամանակ ոստիկանությունը ջրցան մեքենաներով եւ արցունքաբեր գազով ցրել էր քուրդ բնակչության երթը, որից հետո քուրդ կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը մոտեցել էր ոստիկանապետին եւ ապտակել՝ բղավելով. «Ի՞նչ եք անում, երեխաներին այդ ի՞նչ եք անում: Մի շարք վիրավորներ կան: Դուք հաշիվ եք տալու ձեր արածի համար»։