Աբխազիայի խորհրդարանի ընդունած ուղերձը, չնայած նշված նպատակին՝ խուսափել հետագա ապակայունացումից, կարող է սոսկ բարդացնել հասարակական-քաղաքական իրավիճակը եւ հանգեցնել երկրի համար անշրջելի հետեւանքների: Այս մասին նշված է Աբխազիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ կապված երկրի ղեկավարի կամավոր հրաժարականի վերաբերյալ խորհրդարանի որոշման հետ:

Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ ընդդիմության ներկայացուցիչները «բազմիցս հայտարարել են այն մասին, որ սպասելու են ընտրությունների արդյունքների վերաբերյալ Գերագույն դատարանի որոշմանը եւ գործելու են բացառապես իրավական դաշտում»: «Հասկանալով դատարանում իրենց պահանջների անհեռանկարայնությունը՝ ընդդիմությունը որոշել է անցնել արմատական մեթոդների»,- նշված է հայտարարության մեջ, փոխանցում է «Sputnik-Աբխազիան»:

Համազգային համաձայնության հասնելու եւ կայունությունը պահպանելու համար Խաջիմբան անհրաժեշտ է համարում բոլոր հարցերի քննարկումը բանակցությունների սեղանի շուրջ:

Հունվարի 9-ի առավոտյան Աբխազական դրամատիկական թատրոնի հրապարակում սկսել էին հավաքվել ընդդիմության կողմնակիցները՝ պահանջելով անվավեր ճանաչել նախագահական ընտրություններին արդյունքները եւ գործող նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը:

Այդ ժամանակ երկրի Գերագույն դատարանում ընթանում էր վճռաբեկ ատյանի դատաքննությունը ընդդիմադիր «Ամցխարա» կուսակցության առաջնորդ Ալխաս Կվիցինիայի բողոքով ընդդեմ Աբխազիայի Գերագույն դատարանի որոշման, որը ճանաչել էր նախագահական ընտրությունների արդյունքները: Դատարանը բավարարել էր հայցվոր կողմի միջնորդությունը գործի քննության ժամանակ դատավոր Ռոման Կվարչիայի բացարկի մասին՝ նկատի ունենալով նրա անձնական շահագրգռվածությունը:

Բողոքի ակցիայի մասնակիցները տեղական ժամանակով 13:15-ին հրապարակից տեղափոխվել էին նախագահի աշխատակազմի շենքի մոտ, որտեղ այդ պահին արդեն հավաքված էր շուրջ հազար մարդ: Մեկ ժամվա ընթացքում ցուցարարներին հաջողվել էր ներխուժել շենք՝ կոտրելով ապակիները: Ցուցարարները 15:00-ին գրավել էին շենքը: Ակտիվիստների մի մասը մտել էր շենք, մյուս մասը մնացել փողոցում:

Հունվարի 9-ի երեկոյան Սուխումում տեղի էր ունեցել նախագահ Ռաուլ Խաջիմբայի մասնակցությամբ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որից հետո պետության ղեկավարը դիմել էր Աբխազիայի քաղաքացիներին՝ կոչ անելով հանդարտություն պահպանել եւ սադրանքների չտրվել: Խաջիմբան ընդգծել էր, որ անհրաժեշտության դեպքում երկրում արտակարգ դրություն կմտցնեն:

Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները ընդունել էին որոշման նախագիծ, որով դիմել էին երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբային՝ պետության ղեկավարի լիազորություններից վաղաժամ հրաժարվելու առաջարկով: