ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունն ընդունել է Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությանը մասնակցելու Իրանի հրավերը, հաղորդում է Reuters-ը:

Վարչությունը հայտնել է, որ հավատարմագրված ներկայացուցիչ է նշանակել ավիաաղետը հետաքննելու համար:

Գործակալության աղբյուրի խոսքով՝ վարչությունը շարունակում է հետեւել իրավիճակին եւ գնահատել հետաքննությանն իր մասնակցության մակարդակը:

ԱՄՆ-ը կարող է մասնակցել հետաքննությանը հաշվի առնելով այն, որ կործանվել է ամերիկյան ավիաարտադրող Boeing ընկերության ինքնաթիռը:

Կանադան, որի քաղաքացիները եւս զոհվել են ավիաաղետի հետեւանքով, փորձագետի է նշանակել: Իրանում են նաեւ Ուկրաինայի ներկայացուցիչները:    

Նախօրեին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ ինքնաթիռը, հավանաբար, խոցվել է Իրանի կողմից պատահական հրթիռային հարվածի հետեւանքով: ԱՄՆ կառավարությունը կարծում է, որ Իրանն ինքնաթիռը խոցել է սխալմամբ: Սակայն Թեհրանում այդ ենթադրությունները կտրականապես հերքում են:

Հիշեցնենք, որ Թեհրան-Կիեւ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ին թռիչքից մի քանի րոպե անց: Ավիաաղետի հետեւանքով 176 մարդ է զոհվել: