Այն աղմուկը, որ բարձրացրել էին թուրքական լրատվամիջոցները Թուրքիայում խորհրդարանական ընտրություններում հայ թեկնածուների ընդգրկելու վերաբերյալ, ընդամենը PR էր: Այսօր` ապրիլի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
Նշենք, որ ընտրություններին մասնակցող 4 հիմնական կուսակցությունների (իշխող «Արդարություն եւ զարգացում», ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական», «Ազգայնական շարժում» եւ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն») նախընտրական ցուցակներում կային յոթ հայ թեկնածուներ, բայց նրանցից ոչ մեկը չի ընդգրկվել վերջնական ցուցակներում:
Բանախոսի կարծիքով`այս առիթը թուրքական լրատվամիջոցներն օգտագործեցին` նշելու համար, որ Թուրքիան իբր ժողովրդավար երկիր է եւ փոխել է իր դիրքորոշումը: «Թուրքիան առավելագույնս օգտագործեց հայ թեկնածուների առկայության թեման: 60.000-ից ավելի հայկական համայնքը 70-մլնանոց Թուրքիայում ոչինչ չի որոշում, Թուրքիան փորձում է օգտագործել հայ համայնքին իր նպատակների համար»,-ասաց Անուշ Հովհաննիսյանը:
Խոսելով Թուրքիայի ընտրություններում ներկայացված վերջնական ցուցակների մասին, նա ասաց, որ դրանց վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքական գիծը «ավելի աջ» է գնում:
«Էրդողանի կուսակցությունը բացառել է այն թեկնածուներին, որոնք քննադատաբար են մոտեցել իշխանության գործելակերպին, դեմ են եղել էրդողանի ծրագրերին, մասնավորապես` Թուրքիան Հանրապետական երկիր դարձնելուն»,- նշեց նա:





























