Չինաստանի եւ ԱՄՆ առեւտրային գործարքի առաջին փուլի մասին համաձայնագիրը զգալի չափով հաշվի է առնում երկու կողմերի մտահոգությունները: Այս մասին հայտարարել է Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն, որը չորեքշաբթի Վաշինգտոնում մասնակցել է համաձայնագրի ստորագրմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանի եւ ԱՄՆ առեւտրային գործարքի առաջին փուլը զգալի չափով արտացոլում է երկու կողմերի մտահոգությունները»,- Լյու Հեի խոսքը հինգշաբթի մեջբերել է «Սինհուա» գործակալությունը:

Նա շեշտել է, որ համաձայնագրի ստորագրումն ունի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական նշանակություն: Նրա խոսքով՝ այն «օգուտ կբերի ոչ միայն Չինաստանին ու ԱՄՆ-ին, այլեւ ամբողջ աշխարհին»:

Լյու Հեն ավելի վաղ CGTN-ի եթերում հայտարարել էր, որ համագործակցությունը Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների զարգացման միակ ճիշտ տարբերակն է, քանի որ մրցակցությունից երկու կողմն էլ կորուստ ունեն:

«Մենք չենք կարծում, որ մաքսատուրքերի սահմանումը լավ լուծում է: Երկու կողմերը պետք է խնդիրները լուծեն բանակցությունների միջոցով»,- ասել է փոխվարչապետը ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային գործարքի առաջին փուլի համաձայնագրի ստորագրման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում:

Լյու Հեն նշել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն առեւտրի հարցերում տարբեր դիրքորոշումներ ունեն, սակայն երկու կողմն էլ ձգտում է այս խնդրի լուծմանը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ճիշտ ընտրություն է կատարել՝ Չինաստանին հանելով արժութային մանիպուլյատորների ցուցակից:

Առեւտրային գործարքի առաջին փուլի համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 15-ին Վաշինգտոնում: Փաստաթուղթը ստորագրել են Լյու Հեն եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Արարողության ժամանակ առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը նշել է, որ համաձայնագիրը ներառում է հանգամանալից դրույթներ, որոնք առնչվում են արտոնագրերի պաշտպանությանը եւ կեղծ արտադրանքի դեմ պայքարին: Այսպես՝ կողմերը պայմանավորվել են կեղծիքի արտադրման համար օգտագործվող սարքավորումների բռնագրավման հարցի շուրջ: Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քադլոուն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Չինաստանից մի շարք ապրանքների համար մաքսատուրքերը կպահպանի, որպեսզի համոզվի, որ Պեկինը կհետեւի երկրների միջեւ առեւտային համաձայնագրի առաջին փուլում նշված պարտավորություններին: