Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր՝ ապրիլի 15-ին  տեղի ունեցավ ԳԱԱ տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը, որին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Կրթության եւ գիտության  նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաեւ մի շարք բուհերի ռեկտորներ։

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ամփոփեց 2010 թվականի գիտական գործունեության արդյունքները եւ գիտության ասպարեզում առկա խնդիրները, առաջնահերթությունները եւ առանձին ինստիտուտների ձեռքբերումները։

Նշելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ գիտության ոլորտի վերաբերյալ 5-ամյա զեկույցի տվյալներով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցենում է առաջատարի դիրքերը՝ նա նկատեց, որ հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանի ԳԱԱ-ի համեմատությամբ Հայաստանի ԳԱԱ-ն  ամենաարդյունավետն է աշխատում՝ չնայած որ Ադրբեջանի ԳԱԱ-ում աշխատում է 2,5 անգամ ավել մարդ, իսկ ֆինանասվորումը Հայաստանի ԳԱԱ-ի համեմատ ավել է 5 անգամով։ «Այս տվյալները ներկայացնում եմ հատուկ այն  հոռետեսների համար, ովքեր խոսում են ԳԱԱ-ի լուծարման, նրա աշխատանքի անարդյւնավետության մասին»,- շեշտեց Ռադիկ Մարտիրոսյանը։

Հատկանշական է, որ ԳԱԱ տարեկան ընդհանուր հաշվետու ժողովն առանց փոքրիկ միջադեպի չանցավ։ Գիտնականերից մեկը, հարցի իրավունք խնդրելով, նշեց, որ իրենց ինստիտուտի վերաբերյալ Ռադիկ Մարտիրոսյանի ներկայացրած բոլոր թվերը կեղծ են, ինչին ի պատասխան, ԳԱԱ նախագահը շփոթվեց եւ «լավ, լավ» ասելով՝ նստեց իր տեղում։

Անցած տարվա բազմաթիվ ձեռքբերումների կողքին Մարտիրոսյանն անդրադարձ կատարեց նաեւ միջազգային գիտական կենտրոնների հետ համագործակցության սերտացման, ԳԱԱ գրադարանի թվայնացման, արտասահմանում հայ գիտնականների վերապատրաստման եվ սերնդափոխության թեմաներին։ «Սերնդափոխություն ապահովելը մեր կարեւորագույն խնդիրներից է։ Այսօր մեր 20 թղթակից անդամների եւ 3 ակադեմիկոսների տարիքը ցածր է 60-ից»,- նշեց ԳԱԱ նախագահը՝ ավելացնելով, որ կառույցի աշխատակիցների միջին տարիքը 78, 3 տարեկան է։

Ամփոփելով՝ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ԳԱԱ-ում ներկայումս աշխատում է 4056 մարդ, ինչը 258-ով ավելի է, քան անցած տարի։

Նա նաեւ տեղեկացրեց, որ 2010 թվականին ԳԱԱ-ին  հատկացված պետական ֆինանասավորումը կազմել է 4 մլրդ 142 մլն 763,7 հազար դրամ, իսկ համակարգի աշխատողների միջին  ամսական աշխատավարձը կազմում է 59,7 հազար դրամ։ Արտաբյուջետային միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 1,9 մլրդ դրամ, որը տարեկան ընդհանուր ֆինանսավորման 33 տոկոսն է։