Հյուսիսային Օսեթիայում «Վերին Լարս» անցակետում, որը մի քանի օր է փակ է ձնահյուսի վտանգի պատճառով, մի քանի ավտոբուսներ, միկրոավտոբուսներ եւ մարդատար մեքենաներ են կուտակվել:
Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Յուլիա Ստարչենկոն հայտարարել է, թե ռազմական վրացական ճանապարհը կբացվի վրացական կողմի հետ համաձայնեցնելուց հետո միայն, քանի որ ձնահյուսի վտանգն առաջացել է Վրաստանում` Կրեստովի լեռնանցքում:
Անցակետում կանգնած մեքենաներում Հայաստանի քաղաքացիներ են, մոտ 80 մարդ: Ստարչենկոյի խոսքով, նրանց համար տաքանալու եւ սննդի հատուկ կետ է բացվել: Մոտ 20 մարդու` ներառյալ կանանց եւ երեխանեի տեղավորել են Վլադիկավկազի հյուրանոցներում:
Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, «Վերին Լարս» անցակետը երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսել է իր աշխատանքը 2010թ. մարտի 1-ից: Բանակցությունները տարվել են Շվեյցարիայի դեսպանատան միջնորդությամբ: Անցակետը փակվել էր 2008թ. ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից առաջ:
Նշենք, որ Հայաստանի համար «Վերին Լարսը» հիմնական ավտոտարանցային կետն է, որով իրականացվում են բեռնափոխադրումներն ու ուղեւորափոխադրումները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:





























