Հայաստանում ամենաշատ ժողովրդականությունը վայելող գրողը Ռազմիկ Դավոյանն է: Այսօր` ապրիլի 15-ի ասուլիսին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
Երեւանի գրողների միությունը Երեւանի պետական համալսարանում, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում ավելի քան 200 ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել` պարզելու, թե երիտասարդները ո՞ր գրողներին են ճանաչում եւ ընթերցում:
Հարցման արդյունքների համաձայն`ամենից շատ երիտասարդները ճանաչում եւ ընթերցում են Ռազմիկ Դավոյանին, այնուհետեւ`Հրաչյա Սարուխանին, Լեւոն Խեչոյանին, Ալվարդ Պետրոսյանին, Հովհաննես Մելքոնյանին, Լեւոն Ջավախյանին, Արմեն Մարտիրոսյանին, Արթուր Մեսչյանին, Հրաչյա Թամրազյանին, Սարգիս Կարեյանին, Ալեքսանդր Ղումաշյանին: Ափինյանի խոսքով, հարցաթերթիկում նշված չէր գրողների անունները, եւ երիտասարդները իրենք են գրել:
Հարցին, թե տասնյակում ընդգրկված գրողները Երեւանի գրողների միության անդա՞մ են կամ դու՞րս են եկել Հայաստանի գրողների միությունից, Աբգար Ափինյանն պատասխանեց, որ նրանց մեծ մասը, բայց ոչ բոլորը, արդեն հայտնել է իր կարծիքը եւ դուրս է եկել Հայաստանի գրողների միությունից:
Երեւանի գրողների միության նախագահը նշեց, որ հետագայում փորձելու են նաեւ մարզերում անցկացնել նման հարցումներ, բայց հատուկ որոշել են մրցանակներ չտալ: «Որովհետեւ վերջին տարիներին այնքան են արժեզրկվել մեր մրցանակները, կոչումները, ամեն անգամ, երբ նման բան է լինում, հասարակության մոտ դժգոհություն է առաջանում»,- ասաց Ափինյանը:





























