Գրողին չի սազում հայտարարել, որ ուզում է դառնալ մշակույթի փոխնախարար: Այս մասին այսօր` ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն լուրերը, որ նա ցանկանում է դառնալ Մշակույթի փոխնախարար, Աբգար Ափինյանը պատասխանեց. «Գուցե ինչ-որ մեկը ցանկանում է, ես գիտեմ, որ շատ մարդիկ կան, որ ցանկանում են նախարար դառնալ: Ես այդ լուրերին վերաբերում եմ հանգիստ, ես այս գործի մասնագետն են, 30 տարի է` մշակութային գործունեության մեջ եմ: Ես երբեք պաշտոնի չեմ ձգտել, ինչ էլ լինի, ես իմ գործունեությունը շարունակելու եմ եւ երբեք չեմ ասի, թե ցանկանում եմ, գրողին չի սազում»,- ասաց Ա.Ափինյանը:
Նշենք, որ օրերս «Երկիր» թերթը գրել էր, որ Ա. Ափինյանը հանդիպել է վարչապետի հետ եւ մշակույթի փոխնախարար դառնալու ցանկություն է հայտնել: Դրանից հետո Ափինյանը իր հարցազրույցներից մեկում վրդովմունք էր հայտնել այդ լուրի կապակցությամբ եւ անգամ տեղեկություններ էին տարածվել, թե նա մտադիր է դատի տալ օրաթերթին:
NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս ավարտվեց Ափինյան-«Երկիր» կոնֆլիկտը, Երեւանի գրողների միության նախագահը պատասխանեց. ««Երկիրը» 18 տող էր տպել, 18-ն էլ`սխալ եւ մի քանի համար հետո հերքումը տպագրեցին: Ես կարող էի գործը հասցնել դատական պրոցեսին, բայց ես գրող եմ: Ինչո՞ւ բանը հասցնել դատարանին, եթե կարելի է հարցը լուծել մարդկայնորեն, գրչով` պարզապես խնդրելով հերքում տպագրել»:





























