«Բամբիռ» ռոք-խմբի 30-ամյա գործունեությանը նվիրված Armenian Scotch ալբոմը, որը լույս է տեսել 2010 թվականին, նվիրված է հայ եւ շոտլանդացի մեծանուն պոետներ Հովհաննես Թումանյանի 140 եւ Ռոբերտ Բըրնսի 250-ամյակներին։ Ապրիլի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց խնբի հիմնադիր Գագիկ Բարսեղյանը (Ջագ)։
Նրա խոսքով, սահմանափակ՝ ընդամենը 1000 օրինակով տպված CD-ները լույս են տեսել ԱՄՆ-ում եւ շուտով կհայտնվեն նաեւ հայկական շուկայում։
«Տեղերը, որտեղից հնարավոր կլինի ձեռք բերել ձայնասկավառակը, այնքան էլ շատ չեն լինի»,- հավելեց նա:
Ջագի խոսքով, Armenian Scotch-ը «Բամբիռի» թվով չորրորդ ձայներիզն է, որտեղ միավորվել են երկու պոետների ստեղծագործությունների բառերով 18 երգեր։ Դրանցից 17-ի երաժշտությունը Գագիկ Բարսեղյանը գրել է տարբեր տարիների։ «Այս ալբոմը երկար տարիների կուտակում է, որտեղ կան ինչպես հայկական, այնպես էլ կելտական ելեւէջներ»,- տեղեկացրեց նա՝ ավելացնելով, որ ձայնասկավառակը լույս է տեսել «Նարեկացի» արվեստի միության աջակցությամբ։
NEWS.am-ի թղթակցի հարցին՝ նախատեսո՞ւմ է արդյոք խումբը հանդես գալ մենահամերգով, «Բամբիռի» մենեջեր Գոհար Դանիելյանն ասաց, որ մտածում են այդ ուղղությամբ։ «Բացի այդ, նախատեսում ենք երկու տեսահոլովակ նկարահանել, կլինեն նաեւ Թումանյանի հեքիաթների մոտիվներով անիմացիաներ»,- ասաց նա։
Վերջում ասուլիսին ներկա Մշակույթի նախարարության աշխատակից Արմինե Ղազարյանը Գագիկ Բարսեղյանին նախարար Հասմիկ Պողոսյանի անունից պարգեւատրեց նախարարության ոսկե մեդալով։
Նշենք, որ «Բամբիռ» ռոք-խումբը հիմնադրվել է 1978 թվականին։ Արդեն 1986-ին խմբին ժողովրդական համույթի կոչում է շնորհվում։
1999-ին, 2003-ին եւ 2005-ին թողարկված «Ժաժք», «Հիսուս եւ Գրիգոր» եւ «Փակ փողոց» ալբոմներում ընդգրկված են բացառապես Ջագի ստեղծագործությունները։





























