Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե իրենք թույլ կտան «Թալիբան» շարժմանը Ստամբուլում ներկայացուցչություն բացել, եթե այդպես ցանկանան Աֆղանստանի իշխանությունները։
Թուրքական Haberx-ի փոխանցմամբ՝ Ահմեդ Դավութօղլուն Հունգարիա կատարած այցի ընթացքում անդրադառնալով Թուրքիայում «Թալիբան»-ի ներկայացուցչություն բացելու խնդրին՝ նշել է, թե հանուն Աֆղանստանի խաղաղության իրենք կթույլատրեն այն, եթե Աֆղանստանի իշխանությունները դրական արձագանքեն։
Թուրքիայում «Թալիբան»-ի ներկայացուցչություն բացելու նախաձեռնությունը հաստատել է նաեւ Թուրքիայի վարչապետի գլխավոր խրհրդական Իբրահիմ Քալըն։
Իր հերթին Աֆղանստանի նախկին ԱԳ նախարար Աբդուլլահը դեմ է այս նախաձեռնությանը՝ պնդելով, որ սրանով ահաբեկչական կառույցը օրինականացվելու է։
Թուրքական մամուլում նշում են, որ այս նախաձեռնությունը աջակցվում է ԱՄՆ-ի կողմից, որի նպատակն է՝ Աֆղանստանում «Թալիբան»-ի հետ բախումների վերջնական դադարը։





























