Ռուսական «Sukhoi Superjet 100» նորագույն օդանավը Հայաստան կժամանի առանց ուշացումների. նախապես սահմանված օրը՝ապրիլի 19-ին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  հայտարարեց  «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

Նրա խոսքով, «Sukhoi Superjet 100»-ը նախատեսված է մոտ տարածությունների  վրա չվերթեր կատարելու համար։ «Արդեն որոշված է, որ նորագույն այդ օդանավը Երեւանից թռիչքներ կկատարի դեպի Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սոչի եւ Ուկրաինայի քաղաքներ»,- ասաց նա։

Հարցին, որքա՞ն է «Արմավիան» վճարել օդանավը ձեռք բերելու համար, Նանա Ավետիսովան նշեց, որ դա կոմերցիոն հարց է, եւ ինքը կոմպետենտ չէ նման հարցի  պատասխանելու։ «Միայն կարող եմ ասել, որ օդանավը նախատեսված է 98 ուղեւորի համար։ Ընդ որում, Հայաստանը տարածաշրջանում «Sukhoi Superjet 100» ունեցող միակ երկիրն է»,- ընդգծեց ավիաընկերության մամուլի քարտուղարը։

Նշենք, որ ռուսական «Աէրոֆլոտի» ղեկավարությունը պատրաստվում է ընկերությանը տուգանելու առաջարկ անել ՌԴ կառավարությանը։ Պատճառն այդ ընկերությանը «Sukhoi Superjet 100»-ի հանձնման ժամկետների ձգձգումն է։

Հատկանշական է, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական «Sukhoi Superjet 100» նորագույն օդանավի առաջին չվերթը կայանալու է տիեզերագնացության օրը` ապրիլի 12-ին, իսկ առաջին օդանավը կրելու է տիեզերագնաց Յուրի Գագարինի անունը: