Շատերը նկատած կլինեն, որ Ազգային Ժողովի ապրիլի 15-ի արտահերթ նիստի օրակարգում ներառված չէր «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու այն նախագիծը, որով պետք է հսկողություն սահմանվեր առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների գների նկատմամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը սույն օրինագիծը ԱԺ է ուղարկել 1 ամիս առաջ՝ մարտի 10-ին, սակայն մինչ օրս այն օրակարգում չի հայտնվել։ Ավելին՝ խորհրդարանի պաշտոնական կայքէջում այն ապրիլի 15-ի դրությամբ տեղակայված էր օրակարգում չընդգրկված օրինագծերի շարքում։
Օրինագծով առանձնացված են 20 ապրանքատեսակներ, որոնց գները 30 օրվա ընթացքում չեն կարող աճել 30 տոկոսից ավելի։ Դա տեղի ունենալու դեպքում էկոնոմիկայի նախարարությանը իրավասություն կտրվի սահմանելու գնի վերին շեմ, կամ առեւտրային վերադիրի չափ։
Կառավարությունը սույն օրինագիծը դիտարկում է գնաճի դեմ պայքարելու գործիքակազմը ընդլայնելու տեսանկյունից։ Սակայն թե տեղական, թե արտասահմանյան տնտեսագետները բազմիցս քննադատել են գները վարչական մեթոդներով կարգավորելու կառավարության մտադրությունը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այսօր օրինագիծը ԱԺ նիստի օրակարգ չի մտել, հավանական է՝ որ ընդհանրապես դա տեղի չունենա։ Խնդիրն այն է, որ 2011 թ. երկրորդ կիսամյակում սպասվում է գնաճի տեմպերի էական թուլացում, հետեւաբար՝ 1-2 ամսվա համար նման աղմկահարույց օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ։




























