Վրաստանի բնակչությանը սով է սպառնում: Այս մասին հայտարարել է տնտեսական հարցերով փորձագետ վրացի Վաժա Բերիձեն, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Այս մասին փորձագետը գործակալությանը հայտնել է համաշխարհային բանկի կանխատեսումների ներկայացման ժամանակ, ըստ որի, սննդամթերքի գնի եւս 10 տոկոսով աճի դեպքում, աշխարհում 10 մլն մարդու աղքատություն է սպառնում:

«Կարծում եմ, այս գնաճը անմիջականորեն կանդրադառնա Վրաստանի վրա, քանի որ Վրաստանն ամբողջությամբ կախված է ներկրվող սննդամթերքից: Հետեւաբար, եթե համաշխարհային սննդամթերքի ճգնաժամ սկսվի, երկրի բնակչությունը սովի կմատնվի»,- մանրամասնել է տնտեսական փորձագետը:

Նրա խոսքով, Վրաստանում սովի հիմք կարող է հանդիսանալ նաեւ այն, որ երկրի բնակչությունը սոցիալապես անապահով վիճակում է:

Միաժամանակ, փորձագետը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է վերականգնել տեղական արտադրությունը, չնայած նման տնտեսական պայմաններում, Վրաստանն ապագա 10 տարիների ընթացքում դա չի կարողանա իրականացնել: