Գծային միավորումների տնօրենները մարտի 14-ից մինչեւ 25-ը աշխատելու են արտակարգ ռեժիմով: Ամեն օր զեկուցելու են ինչ աշխատանքներ են կատարել, եւ ինչ թերություններ կան, ուսումնասիրելու են գծերի վիճակը, իսկ մայիսի 25-ից կմեկնարկեն գարնանային ստուգայցերը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահան Գասպարյանի խոսքով, ստուգայցերը լինելու են պլանային աշխատանքների շրջանակներում: «Ձնհալից հետո անհրաժեշտություն է առաջանում ստուգել գծերը: Նախանշել՝ ինչ աշխատանքներ է հարկավոր իրականացնել»,- ասել է նա:

Հիշեցնենք նախորդ տարի փետրվար մասին Անի- Պեմզա -Բագրավան հատվածում ցորենով եւ   նավթով բեռնված  10 վագոն շուռ էր եկել: Մասնագետները բարձաձայնեցին, որ «խորհրդային տարիներից ի վեր երկաթգծերը չեն փոխվել: Գծերի մաշվածությունը չի ապահովում վագոնների անվտանգությունը  եւ որ Հայաստանում կան մի շարք երկաթգծեր ու երկաթուղային կայարաններ, որոնք անհրաժեշտ է  վերանորոգել»: 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահան Գասպարյանի գնահատմամբ`գծային հատվածների մասնակի վերանորոգման աշխատանքներ կատարվել են նախորդ տարի: «Ապահովել ենք անվտանգ երթեւեկություն եւ   արագության բարձրացում», ասել է նա:

Այս տարի ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է վերականգնել մոտ 110 կմ գիծ, երկաթուղային կայարանների արդիականացման շրջանակներում 6 օբյեկտ: Թե մեր մարզում որ հատվածներն են ենթակա վերանորոգման արդեն հայտնի է:

Բացի այդ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղում իրականացվելու են նաեւ կադրային փոփոխություններ: Ատեստավորման արդյունքում, բոլոր այն աշխատակիցները, ովքեր չեն համապատասխանի պահանջվող չափանիշնեին, դուրս կմնան: Գյումրիի պետական տեխնիկական քոլեջի  հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ընկերությանն ապահովել նոր մասնագետ կադրերով: