Առնվազն 9 մարդ է մահացել ԱՄՆ կենտրոնական եւ հարավային շրջաններում գարնանային ուժեղ փոթորիկների ու տորնադոների հետեւանքով: Նրանցից երեքը երեխաներ են:
Ինչպես հաղորդում է BBC-ն, փոթորիկն առանց էլեկտրականության է թողել հազարավոր ընտանիքների: Փոթորիկը պոկել է տների տանիքները: Ճանապարհներին շպրտված թրեյլերներ ու արմատախիլ արված ծառեր են ընկած:
Վերջին 2 օրում ԱՄՆ օդերեւութաբանական ազգային ծառայությունը Միսիսիպի, Ալաբամա, Օկլոհոմա, Կանզաս եւ Տեքսաս նահանգներում արձանագրել է ավելի քան 35 տորնադո: Առավելագույն վնաս են կրել Ալաբամա եւ Միսիսիպի նահանգները: Ներկայումս փոթորիկը շարժվում է դեպի երկրի հարավ-արեւելք:





























