Ձնակույտի փլուզման վտանգի հետեւանքով «Վերին Լարս» անցագրային կետը շարունակում է փակ մնալ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեցին Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից։
Համաձայն աղբյուրի, անցագրային կետի շրջանում այժմ ձյուն է տեղում եւ ձնակույտերի փլուզման վտանգը շարունակում է մեծ մնալ։ «Մենք սպասում ենք, որ ձյունը դադարի եւ կարողանանք ճանապարհը մաքրել, սակայն մինչեւ վաղը իրավիճակը դժվար թե փոխվի»,- հայտնեցին Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից։ Դեպարտամենտի աշխատակիցները նաեւ հավաստիացրեցին, որ անցագրային կետում մնացած հայ ուղեւորների առողջական վիճակը նորմալ է։ «Ուղեւորներին տաք ճաշ է տրվում, գործում է բուժկետ»,- հավաստեցին դեպարտամենտից։
Նշենք, որ անցակետում կանգնած մեքենաներում Հայաստանի մոտ 80 քաղաքացիներ կան: Նրանց համար տաքանալու եւ սննդի հատուկ կետ է բացվել: Մոտ 20 մարդու` ներառյալ կանանց եւ երեխաների, տեղավորել են Վլադիկավկազի հյուրանոցներում:
Ինչպես արդեն հաղորդել է NEWS.am-ը, «Վերին Լարս» անցակետը երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսել է իր աշխատանքը 2010թ. մարտի 1-ից: Բանակցությունները տարվել են Շվեյցարիայի դեսպանատան միջնորդությամբ: Անցակետը փակվել էր 2008թ. ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից առաջ:
Նշենք, որ Հայաստանի համար «Վերին Լարսը» հիմնական ավտոտարանցային կետն է, որով իրականացվում են բեռնափոխադրումներն ու ուղեւորափոխադրումները Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ:





























