«Ռոսիա սեւոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիրՄարգարիտա Սիմոնյանին, ինչպես նաեւ «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովին ներառել են Ռուսաստանի Առաջին ալիքի տնօրենների խորհրդի թեկնածուների ցուցակում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ցուցակում տեղ են գտել նաեւ. Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լեոնիդ Լեւինը, նախագահի փորձագիտական վարչության պետ Վլադիմիր Սիմոնենկոն, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը, Առաջին ալիքի գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կլեյմենովը։

Որպես անկախ տնօրեններ խորհրդում առաջարկվում է մտցնել դերասան Միխայիլ Բոյարսկուն եւ դաշնակահար Դենիս Մացուեւին։

Ռեւիզիոն հանձնաժողովի կազմում կառավարությունն առաջադրել է «Ավտոպրոմիմպորտ»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կազանովին, «Ռոսիմուշչեստվո»-ի պետի տեղակալ Օլգա Ռյազանովային եւ Մինկոմկապի վարչության փոխտնօրեն Գենադի Տրուբիցինին։