Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկում վստահ են, որ Ամուլսարի հանքի շահագործման նախագիծը համապատասխանում է էկոլոգիական ստանդարտներին, սակայն վերջնական որոշումը պետք է ընդունի կառավարությունը:

«Lydian Armenia ընկերության մասին այնքան է խոսվել, որ արդեն դժվար է ինչ-որ բան ավելացնել»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՎԶԵԲ ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

Նա նշել է, որ ՎԶԵԲ-ն այդ ծրագրում փոքր բաժնեմաս ունի:

Ընդ որում, նա հիշեցրել է, որ բանկը բավական կոշտ պահանջներ է ներկայացնում այս կամ այն ծրագրին իր մասնակցության համար:

«Նախքան ծրագրին մասնակցելը ստուգվում է բնապահպանական եւ այլ չափանիշներին դրա համապատասխանությունը: Բոլոր պահանջները պետք է բավարարած լինեն, որպեսզի բանկը համաձայնի մասնակցել»,- հայտարարել է Հայաստանում ՎԶԵԲ ղեկավարը:

Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը պետք է այդ հարցով ինքնուրույն որոշում կայացնի: