Կիրակի «Տականամի» ճապոնական ռազմանավն ուղեւորվել է Մերձավոր Արեւելք նավթային լցանավերի անվտանգությունն ապահովելու նպատակով ջրերում, որտեղ բարձր է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածությունը, հաղորդում է Associated Press-ը:

Նավը, որի անձնակազմը կազմում է 200 նավաստի, դուրս է եկել Տոկիոյի մերձակայքում Ճապոնիայի հիմնական ռազմաբազայից:

Նավի հիմնական խնդիրը Հորմուզի ծոցում եւ դրա մերձակա ջրերում տեղեկատվություն հավաքագրելն է:

Նավերին ճանապարհելու արարողության ժամանակ ելույթ ունենալիս Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ այդ ջրերը կենսական նշանակություն ունեն Ճապոնիայի համար:

Չէ՞ որ ամեն տարի այդկերպ երկիր են մուտք գործում հազարավոր նավեր, որոնք ապահովում են Ճապոնիայում նավթի մատակարարման 90 տոկոսը: