Գնաճի զսպման ուղղությամբ իշխանությունների վարած քաղաքականությունն անարդյունավետ է, քանի որ գների կայունության ապահովման հիմնական  պատասխանատու ճանաչված Կենտրոնական բանկը առաջնորդվում է բացառապես մոնետար գործիքներով՝ փողի առաջարկի եւ պահանջարկի կարգավորման սկզբունքով։ Ապրիլի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով, Կենտրոնական բանկի գլխավոր նպատակը փողի քանակի կարգավորմամբ գնաճը զսպելն է։ «Կենտրոնական բանկն առաջնորդվում է այս պարզ եւ տրիվիալ մոտեցմամբ եւ փորձում է փողի առաջարկի քանակի կրճատման կամ փողի թանկացման հաշվին կանխել գնաճը։ Բայց սա անարդյունավետ սկզբունք է, եւ ցանկացած նման գործողություն առնվազն 50 տոկոսով անարդյունավետ է»,- ասաց Մինասյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ Հայաստանում գնաճի զսպման ուղղությամբ համակարգային մոտեցում չկա։

ՀՅԴ պատգամավորի համոզմամբ կառավարությունը, Կենտրոնական բանկը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գործում են անկախ եւ չունեն գործողությունների միասնական պլատֆորմ։ «Ամեն մարմին պատասխանատվությունն իր հերթին փորձում է գցել մյուսի վրա՝ պնդելով, որ ինքն իր գործը լավ է անում։ Չկա պատասխանատվության զգացում, կա պատասխանատվության տեղափոխում այլ հարթություն»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Ամփոփելով՝ պատգամավորը նշեց, որ կառավարությունը գնաճի զսպման ուղղությամբ ՀՅԴ-ի ոչ մի առաջարկ առ այսօր չի ընդունել։