Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետ 2-րդն այսօր դառնում է 85 տարեկան։ Իր հոբելյանը թագուհին նշում է թոռան՝ արքայազն Ուիլյամի եւ Կեյթ Միդլթոնի՝ ապրիլի 29-ին կայանալիք հարսանիքից մեկ շաբաթ առաջ։ Ոիլյամը գահի երրորդ ժառանգորդն է, այնպես որ, ժամանակի հետ, իր հորից՝ արքայազն Չարլզից հետո, նա պետք է թագավոր դառնա։
Թե ընտանեկան ի՞նչ տոնակատարություններ են նախատեսված թագավորական ընտանիքում այսօր, հայտնի չէ։ Հայտնի է դարձել, որ թագուհին տարբեր երկրների երեխաների ձեռքերով նկարված իր դիմանկարները կստանա։ Բրիտանական միապետի ծննդյան օրը պետական իրադարձություն չի լինի, այլ զուտ ընտանեկան տոն։
Ելիզավետ 2-րդ թագուհին ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին։ Պետության ղեկավար նա դարձել է 1952 թվականի փետրվարին, երբ ընդամենը 25 տարեկան էր։ Թագուհին չորս զավակ ունի, երեք որդի՝ արքայազններ Չարլզը, Էնդրյուն եւ Էդվարդը, եւ մեկ աղջիկ՝ արքայադուստր Աննան։
Չնայած պատկառելի տարիքին՝ Ելիզավետ 2-րդն իրեն հիանալի է զգում, հնարավոր է, դա ժառանգականության հետեւանք է։ Թագուհու մայրը 101 տարեկան հասակում մահացել էր 2002 թվականին։ Ելիզավետ 2-րդին ձի քշել բժիշկներն արգելել են միայն այս տարվա մարտից։





























