25 տարեկան երիտասարդը, ով վերջերս է ավարտել համալսարանը, չի կարող որոշել մարդու ճակատագիրը: Այս մասին մարտի 4-ին Ազգային ժողովի նիստին Դատական օրենսգրքում իրականացվող բարեփոխումների փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա կոչ արեց իշխանություններին ուսումնասիրել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի փորձը եւ ուշադրություն դարձնել այս երկրներում դատավորների տարիքին: Աբովյանը շեշտեց, որ եթե դատավորը պետք է այնպիսի լուրջ որոշում կայացնի դատապարտյալի ապագայի վերաբերյալ, ինչպիսին է ցմահ բանտարկությունը, ապա նա պետք է գոնե կյանքի որոշակի փորձ ունենա:

Նշենք, որ Կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի համաձայն, առաջարկվում է փոխել էթիկայի եւ կարգապահության հանձնաժողովի անդամների թիվը` հասցնելով 8-ի: Ընդ որում, նրանցից երկուսին կառաջադրեն հանրապետությունում գործող հասարակական կազմակերպությունները: Սակայն դրանք պետք է իրավաբաններ լինեն: Բացի այդ, նախատեսվում է 5 անձից բաղկացած դատավորների գնահատման հանձնաժողով ստեղծել: Այն կքննարկի դատավորների միջեւ գործերի բաշխումը, դրանց քննարկումը ողջամիտ ժամկետներում եւ դատաքննության ընթացքում դատավորի պահվածքին վերաբերող հարցեր: Բացի այդ, դատավոր դառնալու համար թեկնածուները պետք է հոգեբանական թեստ անցնեն: Միեւնույն ժամանակ, նվազագույն տարիքը, որի ընթացքում նրանց թույլատրվելու է գրանցել որպես դատավորի թեկնածու, կնվազեցվի 28-ից 25 տարեկան: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները` Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցրեց, որ այն լայնորեն քննարկվել եւ ուսումնասիրվել է միջազգային մակարդակում եւ դրական կարծիք է ստացել Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից: