Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի գնումը ԱՄՆ-ին չի խանգարի ՆԱՏՕ-ի դաշնակցին օգնել Իդլիբում: Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին, հայտնում է Bloomberg-ը:
«Վաշինգտոնում համակարծիք են այն կապակցությամբ, թե ինչ անեն եւ որքան արագ»,- հայտարարել է Ջեյմս Ջեֆրին Ստամբուլում ընթացող Իդլիբի իրավիճակին նվիրված համաժողովում: Նրա խոսքով՝ Անկարայի կողմից հակահրթիռային պաշտպանության ռուսական համակարգերի ձեռքբերումը «ԱՄՆ Կոնգերսի, մեր պաշտպանական համալիրի եւ նախագահ Թրամփի համար լուրջ խնդիր է»: «Մենք դա շրջանցելու միջոցներ ենք փնտրում»,- ասել է նա:
Թուրքիան դիմել էր Վաշինգտոնին՝ սիրիական սահմանին «Պատրիոտ» ՀՕՊ երկու գումարտակ տեղակայելու խնդրանքով՝ Իդլիբին Ռուսաստանի եւ Սիրիայի հարվածները կանխելու համար: Սակայն ռուսական հրթիռները կարող են սպառնալիքի տակ դնել ՆԱՏՕ-ի տեխնոլոգիան, եւ այս խնդրանքը չի բավարարվել:
Ջեֆրին ասել է, որ ԱՄՆ-ն այս շաբաթ Անկարայի հետ իր գործողությունները համակարգել է ռազմական եւ հետախուզական մակարդակում:





























