Բութանի Թագավորությունում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Լոտայ Ցերինգը, փոխանցում է Xinhua գործակալությունը:

Նա հայտնել է, որ կորոնավիրուսը հայտնաբերվել է 76-ամյա ամերիկացի զբոսաշրջիկի մոտ, որը երկուշաբթի երկիր է ժամանել Հնդկաստանից:

Գործակալությունը նշում է, որ Բութանի այն շրջաններում, որտեղ այցելել է վարակակիրը, 3 շաբաթով փակ կլինեն դպրոցներն ու այլ հաստատություններ:

Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկման մասին։ ԱՀԿ-ն բռնկումը ճանաչել է բազմաթիվ օջախներով համաճարակ եւ միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։ Չինաստանի սահմաններից դուրս ամենամեծ թվով վարակակիրներ կան Հարավային Կորեայում, Իրանում եւ Իտալիայում: Ընդհանուր առմամբ վարակման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 80 երկրում: Չինաստանում, որին բաժին է ընկնում հիվանդացածների հիմնական զանգվածը, մարտի 6-ի տվյալներով գրանցվել է ավելի քան 3 հազար մահվան դեպք, առողջացել է 53,5 հազար մարդ, վարակման դեպքերի թիվը գերազանցել է 80,5 հազարը։ ԱՀԿ մարտի 5-ի տվյալներով՝ Չինաստանի սահմանններից դուրս հիվանդացածների թիվը մոտեցել է 15 հազարին, մահացել է 267 մարդ: