Թաիլանդի սնունդի արդյունաբերության խոշորագույն ընկերություն CP Group-ը երկրի առողջապահության նախարարության առաջ պարտավորություն է ստանձնել անվճար երեքանգամյա կերակուր տանել երկրի այն բոլոր քաղաքացիների տուն, որոնք կամավոր  14-օրյա տնային կարանտին են անցնում՝ կապված COVID-19-ի բռնկման հետ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Թաիլանդի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Թհավիսին Վիսանույոթհինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սա այն բանի հոյակապ օրինակն է, թե ինչպես է մասնավոր հատվածը կորոնավիրուսի դեմ պայքարի մի ամբողջ ահռելի տեղամասի պատասխանատվություն ստանձնում եւ մեզ բոլորիս օգնում կանխել ինֆեկցիայի անվերահսկելի տարածումը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Թաիլանդի առողջապահության նախարարությունը բոլոր քաղաքացիներին եւ երկրում բնակվող օտարերկրացիներին կոչ է անում մրսածության ախտանիշների հայտնվելու դեպքում կամ վարակվելու առավել մեծ վտանգավորությամբ երկրներից վերադառնալուց հետո կամավոր անցնել 14-օրյա տնային կարանտին՝ որպես կորոնավիրուսի բռնկման վերահսկողությունից դուրս գալու կանխման միջոց:

Չինաստանում բռնկումը սկսելու պահից Թաիլանդում գրանցվել է վարակման 50 դեպք: Կորոնավիրուսով 31 պացիենտ արդեն առողջացել է, 18-ը հիվանդանոցներում են, մեկը մահացել է: Հունվարի կեսից երկրում ավելի քան 4,3 մլն մարդ անցել է տնային կամ հիվանդանոցային կարանտին: