Թուրքական տարածքում փախստականնորին օգնություն ցուցաբերելու համար ԵՄ-ի կողմից Թուրքիային տրվող հետագա ֆինանսական աջակցությունը զգալիորեն ավելի քիչ կլինի, քան նախկինում։ Այս մասին DW թերթին տված հարցազրույցում հայտարարել է բյուջետային հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Խանը։
«Շատ դպրոցներ, մանկապարտեզներ եւ հիվանդանոցներ արդեն կառուցվել են եւ նոր ֆինանսավորման կարիք չունեն։ Այդ պատճառով Թուրքիայի ֆինանսական օգնության կարիքներն արդեն ավելի քիչ են»,- պարզաբանել է նա։
Միաժամանակ Խանը նախազգուշացրել է, որ ԵՄ-ի կողմից հետագա ֆինանսական աջակցությունը հնարավոր է միայն կարեւոր պայմանի դեպքում։
«Մենք ակնկալում ենք, որ Անկարայի շանտաժիստական քաղաքականությունը, որն արտահայտվում է փախստականներին դեպի ԵՄ ուղարկելով, կդադարեցվի։ Այդ ժամանակ Եվրամիությունը սկզբունքորեն պատրաստ կլինի հետագայում եւս ֆինանսական օգնություն տրամադրել Թուրքիայում փախստականների աջակցության համար»,- ասել է նա։
Անկարային ֆինանսական օգնությունը վերականգնելու որոշում դեռեւս չի ընդունվել։ Միաժամանակ, ԵՄ մի շարք երկրներ ազդարարել են օգնությունը շարունակելու պատրաստակամության մասին այն դեպքում, եթե Թուրքիան կրկին պահպանի անօրինական միգրանտներին զսպելու համաձայնագիրը, որ կնքել է Եվրամիության հետ։
2016թ․ կնքված այդ համաձայնագրի շրջանակներում Եվրամիությունը խոստացել է 6 մլրդ եվրո տրամադրել Անկարային։ Այդ փողերը միանգամից փոխանցվում են հումանիտար կազմակերպություններին, այլ ոչ թե թուրքական բյուջե։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ լրացուցիչ օգնություն տրամադրվի։
Յոհաննես Խանը այդ կապակցությամբ ընդգծել է, որ ԵՄ-ն հավատարիմ է «հավասարակշռված ֆինանսավորման» սկզբունքին եւ պետք է հաշվի առնի նաեւ այնպիսի երկրների շահերը, ինչպիսին են Լիբանանը կամ Հորդանանը, որոնք, հաշվի առնելով իրենց բնակչության թիվը, զգալիորեն ավելի շատ միգրանտներ են ընդունում, քան Թուրքիան։
2011թ․ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո Թուրքիան ընդունել է մոտ 3,6 մլն փախստականների։ Բացի այդ, Թուրքիան մեծ թվով փախտականների է ընդունել Աֆղանստանից եւ այլ երկրներից։



























