Այն բանից հետո, երբ սիրիական բանակը կհամալրի իր ուժերը, այն, անշուշտ, կանցնի հարձակման՝ տարածքներն ազատագրելու նպատակով: Այս մասին մարտի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա պարզաբանեց, որ Սիրիայի տարածքը, ըստ էության, ունի մի քանի կարգավիճակ. երկրի մի մասը, որը ազատագրվել է կառավարական ուժերի կողմից, երկրորդ մասը գտնվում է Թուրքիայի եւ Ռուսաստանի համատեղ վերահսկողության տակ, իսկ երրորդը դեռ գտնվում է Անկարայի ազդեցության տակ գտնվող ուժային խմբերի վերահսկողության տակ:
Փորձագետը նշեց, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Պուտինի եւ Էրդողանի բանակցություններից հետո Սիրիայի նախագահ Ասադի կողմից հայտարարություններ են արվել այն մասին, որ քրդերը ծառայում են ամերիկացիներին, ինչը կարող է վկայել մի գործարքի հավանականության մասին, որը նման է Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ կնքված գործարքին, երբ Ադանայում ստորագրվեց համաձայնագիր, ինչից հետո եւ ձերբակալվեց քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: «Գրեթե կասկած չկա, որ իրավիճակը կփոխվի, եւ թուրքերը ստիպված կլինեն կրկին նահանջել, իսկ մինչ այդ Թուրքիան կփորձի ավելի բարենպաստ դիրք ապահովել իր համար»,- շեշտեց Սաֆրաստյանը:
Ըստ նրա` չնայած Անկարայի ցանկությանը ցուցադրել իր ակտիվությունը շատ երկրներում, այդ թվում` Կիպրոսում եւ Լիբիայում, նույնիսկ շատ փորձագետներ հենց Թուրքիայում կասկածում են, որ այս երկիրն այդպիսի համարձակ արտաքին քաղաքականություն վարելու ներուժ ունի: «Դա կապված է նաեւ ռազմական ուժի հետ, որը հիմնականում ուղղված է թշնամու նկատմամբ քանակական գերակայություն ապահովմանը, մինչդեռ, օրինակ, թուրքական բանակը կաղում է մանեւրելու եւ մոբիլության մասով: Եւ դա նկատելի էր նաեւ Սիրիայում վարած մարտերում»,- հավելեց թուրքագետը:




























