ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 7-ին Արգենտինայի հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում հյուրընկալվել է երկրի Նախագահական նստավայրում (Casa Rosada) եւ հանդիպել երկրի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզին։

Աննա Հակոբյանն ու  Ֆաբիոլա Յանյեզը խոսել են առաջին տիկինների դերի եւ առաքելության մասին, կարեւորել համատեղ ծրագրերի իրականացումը՝ շեշտելով, որ չպետք է վատնել երկրի ղեկավարի տիկնոջ կարգավիճակը եւ պետք է այն ծառայեցնել ի բարօրություն ինչպես սեփական երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի։

Աննա  Հակոբյանն Արգենտինայի առաջին տիկնոջը ներկայացրել է իր ղեկավարած  «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեությունը, ինչպես նաեւ ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակը։ Տիկին Յանյեզն էլ ներկայացրել է Արգենտինայում իր ծավալած գործունեության մանրամասները։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը Ֆաբիոլա Յանյեզին հրավիրել է Հայաստան։ Վերջինս սիրով ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա աշնանը։

Արգենտինայի առաջին տիկինն էլ Աննա Հակոբյանին հրավիրել է մասնակցելու Լատինական Ամերիկայի առաջին տիկինների ալյանսի առաջիկա հանդիպմանը։ Աննա Հակոբյանը սիրով ընդունել է հրավերը։