Սաուդյան Արաբիան մտադիր չէ նավթի շուկայում գնային պատերազմ վարել Ռուսաստանի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՕՊԵԿ-ում աղբյուրին:

Ավելի վաղ Saudi Aramco նավթային ընկերությունը ապրիլի վաճառքի պաշտոնական գինը նվազեցրել է: Bloomberg գործակալությունը նվազեցումը «գնային պատերազմի սկիզբ» է անվանել, ինչպես նաեւ հայտնել, որ թագավորությունը մտադիր է հաջորդ ամիս մեծացնել նավթի արտահանումը՝ օրական մինչեւ 10 մլն բարել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչեւ 12 մլն:

«Դա սուտ է: Սաուդյան Արաբիան մտադիր չէ նավթի շուկայում գնային պատերազմ վարել Ռուսաստանի հետ: Ռուսաստանը նախկինի պես մնում է Էր Ռիադի կարեւորագույն գործընկերն ու կարեւոր խաղացող էներգետիկ շուկայում»,- ասել է աղբյուրը:

Գործակալությունը հայտնել էր նաեւ, որ «Ռոսնեֆտը» մտադիր է ավելացնել նավթի արտահանումը՝ օրական մինչեւ 300 հազար բարել: Ավելի վաղ «Ռոսնեֆտի» մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտեւը հայտնել է, որ ընկերությունը դեմ է եղել նավթ արտահանողների հետ համաձայնագրի երկարացմանը: Նրա խոսքով՝ ՕՊԵԿ+-ի հետ գործարքը «Ռուսաստանի շահերի տեսանկյունից իմաստազուրկ է»:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին ՕՊԵԿ-ն ու ՕՊԵԿ+ մասնակից երկրները չեն կարողացել համաձայնության հասնել նավթի արտահանման կրճատման շուրջ: Մինչեւ ամսվա վերջ գործում է օրական 1,7 մլն բարելով կրճատման մասին համաձայնագիրը: ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ ապրիլի 1-ից երկիրն այդ հարցով որեւէ պարտավորություն չունի: Այդ ֆոնին առաջատար ասիական ինդեքսները նվազել են 3–5%, եվրոպական ինդեքսները 6–10,5%-ով, ամերիկյան ինդեքսները՝ մոտ 7%-ով: