2019 թվականին Հայաստանի եւ Բելառուսի միջեւ ապրանքաշրջանառությունը գրանցել է պատմական առավելագույն՝ անցնելով 83 մլն դոլար մակարդակից, ինչը 45 տոկոսով ավելի է, քան 2018 թվականին: Այս մասին մարտի 12-ին Երեւանում ընթացող հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստում ասաց Բելառուսի անտառտնտեսության նախարար Վիտալի Դրոժան:

Նրա խոսքով՝ չնայած դրական միտումին, կարեւոր է աշխատել կոոպերացիայի ամրապնդման, նոր նախագծերի իրականացման, մրցունակ արտադրանքի նոր տեսակների արտադրման ուղղությամբ: «Միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստից ի վեր գրանցվել է զգալի հաջողություն, կատարվել է 59 հանձնարարականից 45-ը, համագործակցությունն ինտենսիվացել է գործնականում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսական, գիտա-տեխնիկական, մշակութային, անցկացվել են մեծ թվով ցուցահանդեսներ»,- նշեց նա:

Բելառուս նախարարը շեշտեց անտառի ոլորտում համագործակցության կարեւորությունը՝ հավելելով, որ Բելառուսը վերջին շրջանում Հայաստանին տրամադրել է սոճու 50 հազար տնկի: