Իհարկե, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պայքարում է գնաճի դեմ, բայց գնաճի դեմ ամենաարդյունավետ  պայքարը կարող ենք վարել մենք՝ սպառողներս, երբ պայմանավորվենք, որ խուճապային գնումներ չենք իրականացնում: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստում Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պետք չի այդպիսի գնումներ անել, որովհետեւ այդ առումով որեւէ վտանգ չկա: Օրինակ, կիրակի օրը մեր առեւտրային ցանցերում առեւտուրը 20 տոկոսով աճել էր մարտի 8-ի համեմատությամբ: Եթե հաշվի առնենք, որ մարտի 8-ը տոնական օր է եւ տոնի կապակցությամբ ծավալը մեծացել էր, հիմա եւս 20 տոկոսով աճել է առեւտուրը, բայց դուք հիմա խանութներում կտեսնեք, որ ցուցափեղկերում դատարկություն չկա»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ գնաճի հարցում կա նաեւ օբյեկտիվության բաղադրիչ, օրինակ դիմակները թանկացան, որովհետեւ ամբողջ աշխարհում դրանց գներն աճել են:

«Հիմա կլինեն օբյեկտիվ գնանկումներ, օրինակ վառելիքը, եւ օբյեկտիվ գնաճներ, օրինակ բժշկական դիմակների գինը կաճի: Մենք  պետք է միջոցներ ձեռնարկենք, որ անտրամաբանական գնաճեր տեղի չունենա»,-ասաց Փաշինյանը: