Եթե առողջապահության համար նախատեսված ծախսային բյուջեն կատարվեր ոչ թե 78%-ով, այլ ավելի շատ, ապա այսօր քաղաքն ավելի լավ պատրաստված կլիներ կորոնավիրուսին: Այս մասին այսօր Երեւանի Ավագանու խորհրդի նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը:

Նա հույս հայտնեց, որ այս տարի նման խնդիր չի առաջանա:

Նույն խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ Արմեն Ներսիսյանը խոսեց Գետառի մաքրման համար 38 մլն դրամ հատկացնելու աննպատակահարմարության մասին, քանի որ արդյունքը փաստացի զրոյական է: «Համակարգային որոշումներ են պետք»,- հավելեց նա:

Իր հերթին, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ մայրաքաղաքի բյուջեն սահմանափակ է, եւ խնդիրները պետք է լուծել ըստ առաջնահերթության: «Չեմ կարծում, թե միայն Երեւանի քաղաքապետարանը պետք է լուծի էկոլոգիական խնդիրները: Կարեւոր է աշխատել նաեւ մեր քաղաքացիների պահվածքի փոփոխության վրա»,- նշեց Մարությանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականին Երեւանի բյուջեի ծախսային մասը կատարվել է միայն 70,5%-ով: Առողջապահության ոլորտում բյուջեի կատարումը կազմել է 78%-ով:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 122-ի: